Սիրտ Հայաստանի համար. Գերմանացի իրավաբան Պրոֆեսոր Լուկաս Ֆլյոթերի առաքելությունը՝ որպես պատվավոր հյուպատոս
«Ես երախտապարտ եմ, որ Գերմանիայի և Հայաստանի միջև կամուրջի մաս եմ», - ասում է Լուկաս Ֆլյոթերը՝ գերմանացի վերակառուցման փորձագետը և Հայաստանի Հանրապետության պատվավոր հյուպատոսը Սաքսոնիայի ազատ երկրամասում Սիրարփի Մովսիսյանի հետ բացառիկ հարցազրույցում:
Ի՞նչը Ձեզ՝ որպես հայտնի իրավաբանի, մղեց ստանձնել պատվավոր հյուպատոսի դերը:
Ունենալով հայ կին, երկու կիսահայ երեխա և լինելով մեկը, ով հաճախակի այցելել և սիրահարվել է հրաշալի Հայաստան երկրին, ես պարզապես չէի կարող մերժել Հայաստանի Հանրապետության պատվավոր հյուպատոս դառնալու այս պատվաբեր առաջարկը:
Ինչպե՞ս եք դիտարկում Ձեր՝ որպես պատվավոր հյուպատոսի դերը Գերմանիայի և Հայաստանի միջև իրավական և դիվանագիտական հարաբերությունների ամրապնդման գործում:
Շատ գերմանացիներ դեռևս ծանոթ չեն Հայաստանին և նրա բոլոր հիասքանչ կողմերին։ Ես ինձ տեսնում եմ որպես «բրենդի դեսպան», ով ներկայացնում է այս ուշագրավ երկիրը բոլոր հետաքրքրվողներին։ Ես հաճախ պատասխանում եմ բազմաթիվ հարցերի Հայաստանի պատմության, մշակույթի, տնտեսության և քաղաքականության վերաբերյալ, ինչպես նաև այն մասին, թե ինչպես են այնտեղ ապրում մարդիկ։ Բոլորը, ում ես հնարավորություն եմ ունեցել ներկայացնելու երկիրը, խանդավառված են եղել։
Ես երախտապարտ եմ, որ Գերմանիայի և Հայաստանի միջև կամուրջի մաս եմ։ Այս դերը ինձ ուղեկցում է ամենուր՝ լինի դա միջազգային իրավաբանների համագումար, թե մասնավոր հավաքույթ։
Ի՞նչ նշանակալի հաջողությունների եք հասել պատվավոր հյուպատոսի Ձեր դերում:
Որպես Հայաստանի պատվավոր հյուպատոս Սաքսոնիայում, ես կենտրոնանում եմ Գերմանիայում հայկական մշակույթը, ժառանգությունը և շահերը խթանող նախաձեռնությունների վրա։ Իմ իրավական և տնտեսական փորձը նպաստում է այս ջանքերին։ Մեր կատարած աշխատանքի հաջողված օրինակներից են՝
Հուշագիր Լայպցիգի և Երևանի միջև։ 2021 թվականի սեպտեմբերին մենք համակազմակերպեցինք հուշագրի ստորագրումը, որը նշանավորեց Լայպցիգի և Երևանի միջև արդյունավետ գործընկերության սկիզբը։
Մշակութային ճանաչողական այց Հայաստան։ 2023 թվականի ապրիլին մենք կազմակերպեցինք ճանաչողական այց Հայաստան գերմանացի քաղաքական գործիչների և բիզնես առաջնորդների համար՝ մշակույթին անմիջականորեն ծանոթանալու և նոր համագործակցության հնարավորություններ բացահայտելու նպատակով։
Լուսանկարչական ցուցահանդես նվիրված հայկական մշակույթին։ Մայիսի 2-ից մինչև մայիսի 23-ը մենք Լայպցիգի քաղաքապետարանի և Հայաստանի դեսպանատան հետ համագործակցությամբ ներկայացրինք ցուցահանդես՝ նվիրված Հայաստանի հարուստ մշակութային ժառանգությանն ու բնությանը։
Ի՞նչն է սնուցում Ձեր սերը Հայաստանի և նրա ժողովրդի հանդեպ այսպիսի ծանրաբեռնված մասնագիտական կյանքում:
Այն ամենը, ինչ անում ես սիրով և կրքով, միշտ էլ ժամանակ ես գտնում դրանց համար։ Իսկ Հայաստանը պարզապես սրտի հարց է ինձ համար։
Հարցազրույցը վարել է Սիրարփի Մովսիսյանը