Պատվավոր հյուպատոսը ուղեկցում է ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարին Լայպցիգի քաղաքապետարանում
2024թ․ հունիսի 21-ին Հայաստանի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանի գլխավորած պատվիարակությունը պատվավոր հյուպատոս պրոֆեսոր Լուկաս Ֆլյոթերի և հյուպատոսարանի աշխատակցուհի Սիրարփի Մովսիսյանի ուղեկցությամբ հանդիպում է ունեցել Լայպցիգի քաղաքապետ Բուրկհարդ Յունգի, միջազգային համագործակցության բաժնի ղեկավար դոկտոր Գաբրիելե Գոլդֆուսի, քաղաքապետարանի այլ աշխատակիցների, ինչպես նաև Լայպցիգի գրքի ցուցահանդեսի ղեկավար տիկին Բյոմիշի հետ։
Հանդիպման սկզբում նախարար Ժաննա Անդրեասյանը գրառում է կատարել Ոսկե գրքում, և կողմերը փոխանակվել են սիմվոլիկ նվերներով։ Այնուհետև հանդիպման բոլոր մասնակիցները կիսվել են իրենց գաղափարներով, կատարված աշխատանքներով և տեսլականներով, որոնք կապված են Լայպցիգի և Հայաստանի համագործակցության զարգացման և խորացման հետ։ Հաջորդիվ նախարարը խոսել է ներկայումս Հայաստանում տիրող իրավիճակի մասին և առաջարկել համագործակցության կոնկրետ ոլորտներ Լայպցիգի հետ։