Վահան Տերյանի 140-ամյակին նվիրված մշակութային միջոցառում ՀՀ դեսպանատանը
Մայիսի 13-ին ՀՀ դեսպանությունում կայացավ մշակութային միջոցառում՝ նվիրված հայ մեծանուն բանաստեղծ Վահան Տերյանի ծննդյան 140-ամյակին։
ՀՀ դեսպան Վիկտոր Ենգիբարյանի բացման խոսքը ներկայացրեց դեսպանության խորհրդական Լուսինե Դավթյանը։ Միջոցառմանը ելույթով հանդես եկավ ՀՀ Ազգային ժողովի պատգամավոր, «Ջավախք» հայրենակցական-բարեգործական հասարակական կազմակերպության նախագահ Շիրակ Թորոսյանը։
Միջոցառմանը մասնակցում էին Բեռլինի պատգամավորների պալատի անդամ Մարտի Պետցոլդը, Սաքսոնիա և Սաքսոնիա-Անհալթ դաշնային երկրամասերում ՀՀ պատվավոր հյուպատոսներ Լուկաս Ֆլյոթերը և Միխայել Շմիդտը, ինչպես նաև դեսպանության գերմանացի գործընկերներ և հայ համայնքի ներկայացուցիչներ։
Երեկոյի ընթացքում տեղի ունեցավ ավստրիացի նշանավոր գրող Արթուր Շնիցլերի «Տիկին Բերտա Գարլանը» գրքի շնորհանդեսը, որի հրատարակության նախաձեռնողը և հովանավորը Շիրակ Թորոսյանն է։ «Տիկին Բերտա Գարլանը» նովելը դեռևս 1912թ․ Վահան Տերյանը թարգմանել ու հրատարակել է հայերեն, իսկ հիմա վերահրատարակվել է երկու լեզվով՝ հայերեն և գերմաներեն։
Մշակութային միջոցառման ընթացքում ընթերցվեցին Վահան Տերյանի բանաստեղծությունները՝ հայերեն և գերմաներեն լեզուներով, որոնք ուղեկցվեցին երաժշտական կատարումներով։
Պատվավոր հյուպատոս պրոֆեսոր Լուկաս Ֆլյոթերը ևս կարդաց Տերյանի ստեղծագործությունների գերմաներեն թարգմանություններ։