Հերթական այցելությունը Հայաստան
Հայաստան
Սաքսոնիայում Հայաստանի Հանրապետության պատվավոր հյուպատոս Պրոֆ. Լուկաս Ֆլյոթերը աշխատանքային և անձնական մեկ շաբաթյա այցով մայիսի 17-25-ը գտնվել է Հայաստանում։ Այցի շրջանակներում պատվավոր հյուպատոսը և հյուպատոսարանի աշխատակցուհի Սիրարփի Մովսիսյանը Հայաստանի և Սաքսոնիայի հարաբերությունների խորացման ու զարգացման նպատակով ունեցել են տարբեր հանդիպումներ, այդ թվում՝ Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովում` պատգամավոր, ՀՀ ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Սարգիս Խանդանյանի և պատգամավոր, Հայաստան-Գերմանիա բարեկամական խմբի անդամ Լիլիթ Կիրակոսյանի հետ։ Հանդիպման ընթացքում քննարկվել են Հայաստանի և Գերմանիայի միջև փոխհարաբերությունները և դրանց խորացման հնարավոր ուղիները։
Հանդիպում են ունեցել նաև Երևանի քաղաքապետարանում` փոխքաղաքապետ Արմեն Փամբուխչյանի հետ։ Հանդիպման ընթացքում պատվավոր հյուպատոսը ներկայացրել է Երևան-Լայպցիգ քաղաքների համագործակցության խորացմանն ու զարգացմանն ուղղված հյուպատոսարանի տեսլականը, որը ներառում է բնապահպանության, մշակույթի, սպորտի, տեղական ինքնակառավարման, բիզնես ներդրումների ոլորտները։
Հանդիդում են ունեցել նաև Երևանի պետական համալսարանի իրավագիտության ֆակուլտետում դեկան պրոֆ. Հարություն Մկրտչյանի, փոխդեկան դոկտոր Աննա Մարգարյանի և ֆակուլտետում դասավանդող տարբեր դասախոսների, այդ թվում` ՀՀ սնանկության դատարանի նախագահ Գարիկ Ավագյանի հետ։ Հանդիպման ընթացքում քննարկվել են Հալլեի և Լայպցիգի համալսարանների հետ ֆակուլտետի համագործակցության հնարավորությունները և ուղիները, որոնք հիմնականում կապված են Հայաստանում նոր զարգացում ունեցող սնանկության վարչարարության հետ, ինչը պատվավոր հյուպատոսի հիմնական մասնագիտական գործունեության ոլորտն է։ Հյուրերը նաև շրջայց են կատարել ֆակուլտետում։