Ստոքհոլմի, Նոր Ջուղայի և Լվովի միջև․ պրոֆեսոր Թրուբսթը՝ հայկական պատմության մոռացված ցանցերի մասին

Պրոֆեսոր դոկտոր Շթեֆան Թրուբսթը Եվրոպայի ամենահեղինակավոր պատմաբաններից է Արևելյան և Հարավարևելյան Եվրոպայի ուսումնասիրությունների ոլորտում։ Լայպցիգում գտնվող Արևելյան Եվրոպայի պատմության և մշակույթի Լայբնիցի ինստիտուտում (ԳՎԶՕ), ինչպես նաև Լայպցիգի համալսարանում իր երկարամյա գիտական գործունեության ընթացքում նա նշանակալի ներդրում է ունեցել տարածաշրջանի բարդությունների, փոխկապակցվածությունների և հակամարտությունների ուսումնասիրության մեջ։

Նրա հետազոտությունները ընդգրկում են վաղ նորագույն շրջանի տնտեսական պատմությունը և հայկական առևտրային ցանցերի դերը, Արևելյան Եվրոպայում կայսրական փոխկապակցվածությունները, ինչպես նաև ժամանակակից քաղաքական զարգացումները։

Պրոֆեսոր Թրուբսթը հատկապես կարևոր դեր է խաղացել «Հայերը արևելյան Եվրոպայում» բազմագիտական գրական շարքի նախաձեռնման և ղեկավարման գործում, որն այսօր եվրոպական ակադեմիական դաշտում Հայաստանի և հայագիտության վերաբերյալ հետազոտությունների կենտրոնական հարթակներից մեկն է։ Նա նաև ղեկավարել և աջակցել է Հայաստանից և հայ սփյուռքից բազմաթիվ երիտասարդ գիտնականների՝ նպաստելով միջազգային ակադեմիական համագործակցության ամրապնդմանն ու շարունակականությանը։

Դուք Արևելյան և Հարավարևելյան Եվրոպայի ոլորտում հեղինակավոր պատմաբան եք: Ի՞նչն առաջին անգամ արթնացրեց Ձեր հետաքրքրությունը Հայաստանի նկատմամբ, և ինչպե՞ս է այս ներգրավվածությունը ձևավորել կամ լրացրել տարածաշրջանի պատմության և մշակութային փոխազդեցությունների վերաբերյալ Ձեր ավելի լայն հետազոտությունները:

1988-ից 1990 թվականներին ես հետազոտություն էի անում Շվեդիայի (Ուպսալա և Ստոքհոլմ), Խորհրդային Միության (Լենինգրադ), Մեծ Բրիտանիայի, Նիդեռլանդների և Դանիայի արխիվներում՝ վաղ նորագույն տնտեսական պատմության վերաբերյալ իմ հաբիլիտացիոն թեզի համար: Մասնավորապես, ես հետաքրքրված էի Մոսկովիայի և Արևմտյան Եվրոպայի միջև առևտրային հարաբերություններով՝ հատուկ շեշտադրելով Շվեդիան որպես տարանցիկ տարածաշրջան: Այս համատեքստում ես hասկացա, որ շվեդական թագը օգտագործում էր Մոսկվայի հետ հարաբերությունների թուլացման շրջանները՝ միջանցիկ թույլտվություններ ստանալու համար Նոր Ջուղայի՝ Սաֆավյան Իրանի այն ժամանակվա մայրաքաղաք Իսֆահանի արվարձանի, հայկական առևտրային տների համար՝ Մոսկովիայի միջոցով դեպի Շվեդիայի Բալթյան նահանգներ և ավելի հեռու դեպի Ամստերդամ: Ստոքհոլմի և Նոր Ջուղայի միջև առաջին կապերը հաստատվել էին 1633-1641 թվականների «Հոլշտինյան նախագծի» շրջանակներում, և այս նախագծի հիմնական հերոսը՝ գերմանացի Ֆիլիպ Կրուսիուսը, մտավ շվեդական պետական ծառայության մեջ և երկար տարիներ դարձավ թագի գլխավոր խորհրդատուն ռուսական առևտրի, ինչպես նաև Իրանից տրանզիտային առևտրի բոլոր հարցերի վերաբերյալ: Համապատասխանաբար, իմ հաբիլիտացիոն թեզը պարունակում է մի շարք ենթագլուխներ շվեդա-իրանական դիվանագիտական և առևտրային հարաբերությունների մասին՝ կենտրոնանալով Նոր Ջուղայի հայկական առևտրային ընկերությունների վրա 1620-ական թվականներից մինչև 1650-ականները:

1991 և 1992 թվականներին ես վերադարձա Ստոքհոլմի թագավորական արխիվներ՝ ուսումնսիրելու Իրանի հետ հարաբերությունների վերաբերյալ աղբյուրներիը նաև 17-րդ դարի երկրորդ կեսին, և զարմացա՝ պարզելով, որ ուղիղ տարանցիկ առևտրի իրականացման շվեդական բազմամյա ջանքերը Նոր Ջուղայից Կասպից ծով, Աստրախան, Մոսկվա և Նովգորոդ հատելով՝ Ֆինական ծոցի վրա գտնվող Շվեդիայի Նարվա նավահանգիստը, հաջողված էին. 1687 թվականին շահը պայմանագիր ստորագրեց Շվեդիայի թագավորի հետ, որին համաձայնեց ցարը: Այսպիսով, 1690 թվականից սկսած՝ մինչև Շվեդիայի Կարլոս XII-ի և Պետրոս I-ի միջև Մեծ Հյուսիսային պատերազմի սկիզբը 1700 թվականին, Իրանի՝ Արևմտյան Եվրոպա հում մետաքսի և մետաքսե արտադրանքի արտահանման մոտավորապես 10 տոկոսը անցնում էր Նարվայի միջով: Այստեղ շվեդական թագը հայ վաճառականներին հեռահար արտոնությունների կողքին շնորհեց իրենց սեփական առևտրային տունը՝ «Պարսկական տունը»:

Իմ բացահայտումների հրապարակումից հետո ինձ հետ կապ հաստատեցին մի քանի փորձագետներ, ովքեր զբաղվում էին Նոր Ջուղայի հայերի կողմից շահագործվող իրանական մետաքսի Եվրոպա արտահանման հիմնական ուղիներով՝ քարավաններով Անատոլիայի միջով դեպի Զմյուռնիա, Կասպից ծովով և Վոլգա գետով Մոսկովիայի միջով դեպի Սպիտակ ծովի Արխանգելսկ նավահանգիստը և նավերով Բարեհուսո հրվանդանի շուրջը, ովքեր զարմացած էին, որ շվեդական ուղին մինչ այժմ անտեսված էր մնացել միջազգային հետազոտություններում:

Լայպցիգում գործող ԳՎԶՕ-Արևելյան Եվրոպայի պատմության և մշակույթի Լայբնիցի ինստիտուտում Դուք առանցքային դեր եք խաղացել բազմամասնագիտական հետազոտական նախաձեռնության հիմնադրման և ղեկավարման գործում, մասնավորապես՝ 2008 թվականից հրատարակվող «Հայերը Արևելյան Եվրոպայում» գրքաշարի շրջանակում, որը նվիրված է տարածաշրջանում հայերի ներկայությանն ու ազդեցությանը։ Ի՞նչն էր Ձեզ ոգեշնչել կյանքի կոչելու այս նախագիծը, և ինչպիսի՞ տեսլական ունեիք հայկական օրինակը արևելաեվրոպական ուսումնասիրությունների ավելի լայն համատեքստում ընդգրկելու վերաբերյալ։

Ես ինձ հարց էի տալիս, թե ինչու Արևելակենտրոնական Եվրոպայի բազմաէթնիկ պատմությանը նվիրված հրապարակումներում շեշտադրվում է հրեաների և ռոմաների ներկայությունը, բայց ոչ հայերի՝ չնայած այն հանգամանքին, որ վերջիններս ակնհայտորեն տեսանելի էին պատմական տարածաշրջաններում, ինչպիսիք են Գալիցիան, Տրանսիլվանիան և այլ վայրեր։ Նույնիսկ 18-րդ դարի համընդհանուր հանճար Յոհան Գոտֆրիդ Հերդերը իր գիտական «Մարդկության պատմության փիլիսոփայության գաղափարներում» (1784–1791) աշխատության մեջ գրեթե ամբողջությամբ անտեսում էր հայերին, քանի որ նրանց «մեր աշխարհամասում դիտարկում էր միայն որպես ճանապարհորդներ»։

Բացի այդ, ինձ հետաքրքրում էր, թե ինչպես էր Արևելակենտրոնական Եվրոպան՝ գերմանական և ռուսական կայսրությունների միջև ընկած պատմական տարածքը, ընկալվում ոչ միայն Արևմտյան Եվրոպայում, այլև հայկական տեսանկյունից՝ որպես մեզոմակարդակի տարածաշրջան։ Այս մտորումների առաջին արդյունքներից մեկը Մինաս Բժշկյանցի 1830 թվականի ճանապարհորդական զեկույցի հրատարակությունն էր՝ Արևելակենտրոնական Եվրոպայի հայերի մասին, որը խմբագրել են Բալինտ Կովաչը և Գրիգոր Գրիգորյանը և լույս է տեսել 2019 թվականին։ Նույնպես 2024 թվականին հրատարակվել է Մարկուս Դենցելի կողմից խմբագրված՝ 1699 թվականին Ամստերդամում տպագրված Ղուկաս Վանանդեցու վաճառականի ձեռնարկի հրատարակությունը։ Նախապատրաստման փուլում են Հովհաննես Ջուղայեցու 1693 թվականի վաճառականի օրագիրը, ինչպես նաև Լևոն Բաբայանի 1911 թվականի աշխատությունը՝ նվիրված Մոլդովայի և Բուկովինայի հայերին։

«Հայերը Արևելյան Եվրոպայում» գրքաշարը ձևավորվել է որպես հայկական ուսումնասիրությունների հիմնասյուն եվրոպական ակադեմիական համատեքստում։ Կարո՞ղ եք առանձնացնել ամենանշանակալի հատորներից կամ հետազոտական արդյունքներից մի քանիսը և պարզաբանել, թե ինչպես են դրանք նպաստել Հայաստանի և Արևելյան Եվրոպայի միջև պատմական ու մշակութային կապերի խորացված ըմբռնմանը։

Արդեն հիշատակված հրապարակումներից բացի, առանձնահատուկ ուշադրության է արժանի 2018 թվականին լույս տեսած ծավալուն «Հայերը Արևելյան Եվրոպայում․ անթոլոգիա» ժողովածուն։ Այն նպատակ ունի նախկին հետազոտական արդյունքները, որոնք գրված են «էկզոտիկ» լեզուներով՝ ինչպես հայերենը, հունգարերենը, ռումիներենը, ուկրաիներենը և լեհերենը, հասանելի դարձնել գերմանախոս և միջազգային ընթերցողին՝ դրանք միավորել գերմաներեն և անգլերեն ժամանակակից հետազոտական հոդվածների հետ։

Արևելակենտրոնական Եվրոպայում հայկական մշակույթի մի առանձնահատուկ կողմ՝ արվեստը, ներառյալ գեղանկարչությունը, գրարվեստը և ճարտարապետությունը, լուսաբանվում է գրքաշարի առաջին հատորում՝ «Հայերի արվեստը Արևելյան Եվրոպայում», որը խմբագրել են Մարինա Դմիտրիևան և Բալինտ Կովաչը (2014)։

Սակայն գրքաշարը բնավ սահմանափակված չէ միայն պատմական թեմաներով։ Դրա վառ օրինակն է 2016 թվականին հրատարակված «Հայերը հետսոցիալաիստական Եվրոպայում» հատորը, որը նվիրված է հետսոցիալիստական Եվրոպայում հայկական համայնքների վիճակին և ինքնության ձևավորման գործընթացներին։

Տարիների ընթացքում Լայպցիգի համալսարանի Գլոբալ և տարածաշրջանային ուսումնասիրությունների ասպիրանտական դպրոցում Դուք ղեկավարել եք բազմաթիվ հայ ասպիրանտների դոկտորական աշխատանքներ։ Կարո՞ղ եք ներկայացնել նրանց հետազոտական թեմաների շրջանակը և պարզաբանել, թե ինչպես են այդ աշխատանքները հարստացրել թե՛ հայագիտությունը, թե՛ հայ և եվրոպացի պատմաբանների միջև ավելի լայն գիտական երկխոսությունը։

Թեև ինքս պատմաբան եմ, բայց հայ ասպիրանտների մեծ մասը զբաղվել է հասարակագիտական թեմաներով։ Այդպիսի օրինակներից է Անահիտ Բաբայանը, որի դիսերտացիան՝ « Հայաստանը Եվրոպայի հորիզոնում․ եվրոպական կազմակերպությունների ժողովրդավարացման ջանքերի հաջողություններն ու թերությունները հետխորհրդային պետությունում», հրատարակվել է 2015 թվականին, ինչպես նաև Լիանա Գեղամյանը՝ իր աշխատանքով «Մարդու իրավունքների կիրարկումը Հայաստանում․ պետական և ոչ պետական գործիչների փոխազդեցությունները», որը լույս է տեսել 2020 թվականին։

Իրապես պատմագիտական ուղղվածություն ուներ միայն Թամարա Գանջալյանի դիսերտացիան՝ «Սփյուռք և կայսրություն. հայերը նախահեղափոխական Ռուսաստանում (17–19-րդ դարեր)», որը հրատարակվել է 2016 թվականին։

Այս հետազոտությունները տարբեր ձևերով հարստացրել են գիտական դաշտը։ Հասարակագիտական աշխատանքները նպաստում են Հայաստանի ժամանակակից քաղաքական, իրավական և սոցիալական փոխակերպումների խորքային ըմբռնմանը, մինչդեռ Գանջալյանի ուսումնասիրությունը կարևոր կամուրջ է ստեղծում պատմական խորքային դիտարկման և հայկական փորձառությունների կայսերական համատեքստերում տեղադրման միջև։ Միասին դրանք նպաստում են հայագիտական և եվրոպական հետազոտությունների միջև ավելի ինտենսիվ փոխանակմանը և ամրապնդում հայկական թեմաների ներկայությունը տարածաշրջանային ուսումնասիրությունների շրջանակում։

Լայպցիգի համալսարանում Ձեր գործունեության ընթացքում Դուք ասպիրանտական դպրոցի հետ համատեղ կազմակերպել եք ուսումնագիտական ճամփորդություններ դեպի Արևելյան Եվրոպայի և Հարավային Կովկասի «հակամարտային տարածաշրջաններ», այդ թվում՝ ուսումնառության այցեր Վրաստան, Հայաստան և Արցախ (Լեռնային Ղարաբաղ)։ Կներկայացնե՞ք ավելի մանրամասն այդ ուղևորությունների նպատակներն ու արդյունքները։

2016–2019 թվականներին իրականացված այս ուսումնագիտական ճամփորդությունների գաղափարը, որոնք ֆինանսավորվել են Գերմանական ակադեմիական փոխանակման ծառայության (DAAD) կողմից, նապատակ ուներ ցույց տալու, որ Եվրոպայի ծայրամասերում՝ Էստոնիայից մինչև Ուկրաինա և Հայաստան, ռուսական սպառնալիքի պատճառով զինված հակամարտության վտանգը մշտապես առկա է, և այդ իրողությունը ուղեկցվում է պատերազմի լայնորեն տարածված վախով։

Մենք այցելել ենք, ի թիվս այլ վայրերի, հիմնականում ռուսախոս Էստոնիայի Նարվա քաղաքը, որը գտնվում է Ռուսաստանի Դաշնության հետ անմիջական սահմանին, ինչպես նաև Ուկրաինայի արևելյան և հարավային շրջանները՝ Խարկովից մինչև Բախմուտ և Մարիուպոլ, ապա Օդեսա։ Այցերը ներառել են նաև հանդիպումներ ուկրաինական բանակի ներկայացուցիչների հետ Դոնբասում՝ պրոմոսկովյան անջատողականների հետ շփման գծում։ Ուղևորվել ենք նաև Ստեփանակերտ՝ Արցախում։ Այնտեղ տեղի պաշտպանական մարմինները մեզ ուղեկցել են մայրաքաղաքից մի քանի կիլոմետր հյուսիս գտնվող տանկային գնդի միջով, մինչդեռ Գյումրիում տեղակայված Ռուսաստանի 102-րդ ռազմական բազայի հրամանատարը մերժել է մեր խմբի մուտքը բազա, սակայն համաձայնել է զրույցել բազայի դարպասների մոտ։

Վրաստանում մենք հնարավորություն ունեցանք մոտենալ ռուսական օկուպացիայի տակ գտնվող Հարավային Օսիայի սահմանագիծը նշող փշալարային ցանկապատին և այդ ցանկապատի մյուս կողմում հայտնված վրացի մի քաղաքացու հետ զրուցել։

Հետևաբար, Ադրբեջանի կողմից Արցախի դեմ իրականացված հարձակողական պատերազմները 2020 և 2023 թվականներին, ինչպես նաև Ռուսաստանի կողմից Ուկրաինայի դեմ սանձազերծված պատերազմը 2022 թվականից ի վեր, մեր ուսումնագիտական խմբի անդամների համար լիովին անակնկալ չէին։ Խումբը բաղկացած էր Գերմանիայից, Չեխիայից, Կոլումբիայից, Չինաստանի Ժողովրդական Հանրապետությունից, Իսրայելից, Լեհաստանից, Ուկրաինայից և Հայաստանից ժամանած ասպիրանտներից։

Հաշվի առնելով Ձեր երկարամյա ներգրավվածությունը՝ հայագիտական հետազոտությունները ավելի լայնորեն Արևելյան Եվրոպայի պատմագիտական դաշտի մեջ ներառելու ուղղությամբ, ինչպե՞ս եք գնահատում այս ոլորտի առաջընթացն ու ներկայիս վիճակը։ Ի՞նչ մարտահրավերներ և ի՞նչ հնարավորություններ եք տեսնում Հայաստանի և Եվրոպայի միջև ակադեմիական համագործակցության հետագա խորացման համար։

Վերջին տարիներին նկատելի առաջընթաց է արձանագրվել, մասնավորապես՝ պատմական Արևելյան Գալիցիայի մայրաքաղաք Լեմբերգի / Լվովի / Լվիվի / Լեմբերիկի (այսօր՝ Լվիվ) ուսումնասիրությունների ոլորտում, որի հայկական բաղադրիչը ակտիվորեն հետազոտվում է ինչպես ուկրաինացի, այնպես էլ լեհ պատմաբանների կողմից։ Ցավոք, երկու կողմերն էլ երբեմն ներքաշվում են ոչ այնքան արդյունավետ քննարկումների մեջ այն հարցի շուրջ, թե քաղաքային հայերին արդյոք պետք է բնութագրել որպես «ուկրաինական» թե «լեհական» հայեր։ Նմանատիպ հետազոտական դինամիկա կարելի է նկատել նաև Արմենոպոլիս / Հայաքաղաք (Գեռլա) և Ելիզաբեթոպոլիս (Դումբրավենի, նախկին Իբաշֆալաու) քաղաքների ուսումնասիրություններում՝ ներկայիս Ռումինիայի Տրանսիլվանիա տարածաշրջանում։

Ավելի մեծ ուշադրության են արժանանում նաև ժամանակակից թեմաներին նվիրված ուսումնասիրությունները, մասնավորապես՝ Արևելակենտրոնական Եվրոպայում գործող ժամանակակից հայկական սփյուռքյան համայնքների վերաբերյալ հետազոտությունները։ Այդպիսի օրինակ է Հակոբ Մաթևոսյանի սոցիոլոգիական ուսումնասիրությունը, որի մենագրությունը՝ նվիրված Հունգարիայի մայրաքաղաք Բուդապեշտում հայկական ներկայության տարբեր շերտերին և սերունդներին, մոտ ժամանակներս կհրատարակվի։

Ընդհանուր առմամբ, չափազանց խրախուսելի է այն հանգամանքը, որ հատկապես ասպիրանտական մակարդակում ձևավորվել է արդյունավետ գիտական փոխանակում՝ Հայաստանի, հայկական սփյուռքի համաշխարհային կենտրոնների և եվրոպական հետազոտական հաստատությունների միջև, մասնավորապես՝ Կրակովում, Լվիվում, Բուդապեշտում և Լայպցիգում։ Սա մեծապես հնարավոր է դարձել Պորտուգալիայում գործող Գալուստ Գյուլբենկյան հիմնադրամի առատաձեռն աջակցության շնորհիվ, որը կայուն կերպով խթանում է նման համագործակցությունները։

Հարցազրույցը վարել է փ․գ․թ․ Սիրարփի Մովսիսյանը

Մեր մասին

Սաքսոնիայում Հայաստանի Հանրապետության պատվավոր հյուպատոսարանը ապահովում է կենսական կապ Հայաստանի և Աաքսոնիա երկրամասի միջև: Մեր առաքելությունն է խթանել Հայաստանի և Սաքսոնիայի միջև դիվանագիտական, մշակութային, կրթական և տնտեսական կապերը, ինչպես նաև նպաստել զբոսաշրջությանն և ներդրումային ծրագրերի զարգացմանը Հայաստանում։

Կապ

Սաքսոնիայում ՀՀ պատվավոր հյուպատոսարան
Նիկոլայշտրասսե 3-5, 04109 Լայպցիգ

+49-341 69767-581

+49-341 69767-580

Datenschutzeinstellungen

Wir verwenden Cookies, um Inhalte und Anzeigen zu personalisieren, Funktionen für soziale Medien anbieten zu können und die Zugriffe auf unserer Website zu analysieren. Da wir Ihre Privatsphäre schätzen, bitten wir Sie hiermit um Erlaubnis, die folgenden Technologien zu verwenden. Sie können Ihre Einwilligung jederzeit ändern bzw. widerrufen, indem Sie auf die Schaltfläche Details klicken. Weitere Informationen finden Sie in den Details sowie in unserer Datenschutzerklärung.

Dies sind Blindinhalte in jeglicher Hinsicht. Bitte ersetzen Sie diese Inhalte durch Ihre eigenen Inhalte. Lorem ipsum dolor sit amet, consectetuer adipiscing elit. Aenean commodo.

user_privacy_settings

Domainname: Domain hier eintragen
Ablauf: 30 Tage
Speicherort: Localstorage
Beschreibung: Speichert die Privacy Level Einstellungen aus dem Cookie Consent Tool "Privacy Manager".

user_privacy_settings_expires

Domainname: Domain hier eintragen
Ablauf: 30 Tage
Speicherort: Localstorage
Beschreibung: Speichert die Speicherdauer der Privacy Level Einstellungen aus dem Cookie Consent Tool "Privacy Manager".

ce_popup_isClosed

Domainname: Domain hier eintragen
Ablauf: 30 Tage
Speicherort: Localstorage
Beschreibung: Speichert, dass das Popup (Inhaltselement - Popup) durch einen Klick des Benutzers geschlossen wurde.

onepage_animate

Domainname: Domain hier eintragen
Ablauf: 30 Tage
Speicherort: Localstorage
Beschreibung: Speichert, dass der Scrollscript für die Onepage Navigation gestartet wurde.

onepage_position

Domainname: Domain hier eintragen
Ablauf: 30 Tage
Speicherort: Localstorage
Beschreibung: Speichert die Offset-Position für die Onepage Navigation.

onepage_active

Domainname: Domain hier eintragen
Ablauf: 30 Tage
Speicherort: Localstorage
Beschreibung: Speichert, dass die aktuelle Seite eine "Onepage" Seite ist.

view_isGrid

Domainname: Domain hier eintragen
Ablauf: 30 Tage
Speicherort: Localstorage
Beschreibung: Speichert die gewählte Listen/Grid Ansicht in der Demo CarDealer / CustomCatalog List.

portfolio_MODULE_ID

Domainname: Domain hier eintragen
Ablauf: 30 Tage
Speicherort: Localstorage
Beschreibung: Speichert den gewählten Filter des Portfoliofilters.

Eclipse.outdated-browser: "confirmed"

Domainname: Domain hier eintragen
Ablauf: 30 Tage
Speicherort: Localstorage
Beschreibung: Speichert den Zustand der Hinweisleiste "Outdated Browser".
You are using an outdated browser. The website may not be displayed correctly. Close