Սաքսոնիա-Անհալթի և Հայաստանի միջև կամուրջ կառուցողը․ զրույց դոկտոր Գուննար Շելենբերգերի հետ
Դոկտոր Գուննար Շելենբերգերը՝ Սաքսոնիա-Անհալթի երկրամասային խորհրդարանի նախագահը, երկար տարիներ ակտիվորեն ներգրավված է Սաքսոնիա-Անհալթի և Հայաստանի միջև հարաբերությունների խորացման գործում։ Մշակութային, գիտական և համայնքային համագործակցությունների իր շարունակական աջակցության շնորհիվ նա էական ներդրում է ունեցել երկու երկրների միջև փոխանակումների խթանման և կայուն գործընկերային կապերի ամրապնդման գործում։
Նրա ուշադրության կենտրոնում հատկապես գտնվում են մշակույթի, կրթության և հուշարձանների պահպանության ոլորտները։ Տասնամյակներ շարունակ նա ուղեկցում և աջակցում է գերմանա-հայկական համագործակցությանը՝ նպաստելով անձնական շփումների, քաղաքների և համայնքների միջև գործընկերությունների, ինչպես նաև համատեղ ծրագրերի զարգացմանը։
Նրա բացառիկ նվիրումի և գործունեության գնահատման համար հունիսի 11-ին Հայաստանի Հանրապետության դեսպանությունում դոկտոր Շելենբերգերին կշնորհվի բարձր պատվո մեդալ։ Այս պարգևը գնահատում է նրա նշանակալի ներդրումը Հայաստանի և Սաքսոնիա-Անհալթի միջև երկկողմ հարաբերությունների ամրապնդման գործում, հատկապես մշակութային համագործակցության և կապերի ընդլայնման ոլորտներում։
Ստորև ներկայացվող հարցազրույցում դոկտոր Շելենբերգերը խոսում է Հայաստանի հետ իր երկարամյա կապի, գերմանա-հայկական համագործակցության զարգացման և ապագա համագործակցության հեռանկարների մասին։
Պարոն դոկտոր Շելենբերգեր, Դուք երկար տարիներ ներգրավված եք գերմանա-հայկական համագործակցության մեջ և հաճախ մասնակցում եք հայկական միջոցառումների։ Ի՞նչն է սկզբնապես արթնացրել Ձեր հետաքրքրությունը Հայաստանի նկատմամբ, և ի՞նչն է տարիների ընթացքում պահպանել Ձեր նվիրվածությունը այս գործին։
1996 թվականից Սաքսոնիա-Անհալթը Գերմանիայի մշակույթի նախարարների մշտական համաժողովի հանձնարարությամբ ներկայացնում էր բոլոր գերմանական դաշնային երկրամասերը՝ 1995 թվականի գերմանա-հայկական մշակութային համաձայնագրի շրջանակներում։ 1998 թվականին ստորագրված հուշագիրը մինչ օրս սահմանում է կրթության, գիտության և մշակույթի ոլորտներում համագործակցության պայմանները։ Պաշտոնական պատվիրակությունների այցերից և Սաքսոնիա-Անհալթում Հայաստանի պատվավոր հյուպատոսության ներկայացուցչությունից բացի, երկու երկրների քաղաքների և համայնքների միջև ձևավորվել են կենդանի և ակտիվ գործընկերային կապեր։
Հայաստանը ինձ հայտնի էր դեռևս մշակութային համաձայնագրի ստորագրումից շատ առաջ՝ որպես հիասքանչ երկիր՝ կարևոր մշակութային հուշարձաններով և չափազանց հարուստ պատմությամբ։ Քանի որ ես հատկապես հետաքրքրված եմ մշակույթի և կրթության հարցերով, պատմական վայրերը, ճարտարապետական հուշարձանները, հնագիտական հուշակոթողները, ինչպես նաև քաղաքային միջավայրերը որոշ չափով արդեն ծանոթ էին ինձ։
Գերմանա-հայկական մշակութային համաձայնագրի կնքումից անմիջապես հետո Հալլե քաղաքի Հուշարձանների պահպանության և հնագիտության պետական վարչության միջոցով սկսվեց սերտ համագործակցություն հնագիտության և հուշարձանների պահպանության ոլորտներում։ Հայաստանում տեղում իրականացվեցին հնագիտական պեղումներ, որոնց ընթացքում քննարկվում էին մշակութային ժառանգության օբյեկտների պահպանման և հանրությանը հասանելի դարձնելու մեթոդները։
Սաքսոնիա-Անհալթի հնագետներն ու հուշարձանների պահպանության մասնագետները կարողացան փոխանցել իրենց մասնագիտական գիտելիքները, միաժամանակ սովորելով նաև իրենց հայ գործընկերներից։ Այս փոխադարձ խորհրդակցություններն ու մասնագիտական կապերը շարունակվում են մինչև այսօր։
Զարգացել է նաև ՅՈՒՆԵՍԿՕ-ի Համաշխարհային մշակութային ժառանգության օբյեկտների պատասխանատուների միջև համագործակցությունը և փորձի փոխանակումը, և այս ոլորտում ևս տեղի են ունենում փոխադարձ այցեր։
Հայաստան կատարած այս այցելությունների ընթացքում ես միշտ մեծ հաճույքով եմ մասնակցել, քանի որ փոխադարձ փորձի փոխանակումն ու անձնական հանդիպումները երկու կողմերի համար էլ մեծ օգուտ են բերել։
Կարող եմ բերել ևս բազմաթիվ օրինակներ մեր հաջող համագործակցության մասին՝ լինի դա երգչախմբերի այցելություններն ու ելույթները, թե իմ ընտրատարածքի Զուխաու գյուղի և Գետափ համայնքի միջև հաստատված քույր-գյուղական գործընկերությունը։
Հալլե (Զաալե)–Գյումրի, Նաումբուրգ–Արմավիր և Զուխաու–Գետափ գործընկերությունները ցույց են տալիս, թե ինչպես կարող են տեղական նախաձեռնությունները ձևավորել միջազգային հարաբերությունները։ Ձեր կարծիքով, ո՞րն է այս գործընկերությունների կոնկրետ արժեքը՝ խորհրդանշական նշանակությունից դուրս։
Այստեղ ևս կցանկանայի որպես օրինակ բերել Զուխաուի և Գետափի միջև հաստատված գյուղական գործընկերությունը։ Այնտեղ ամեն տարի անցկացվում են տոնակատարություններ և կազմակերպվում փոխադարձ այցելություններ։ Հայ հյուրերը հյուրընկալվում են գյուղի բնակիչների և ընտանիքների տներում, իսկ Զուխաուում գործում է հայկական թոնիր, որտեղ պատրաստվում են հայկական ուտեստներ։
Այսօր մեր ունեցած կապերը շատ սերտ են ու անձնական ու դրանից առավել սերտ կապեր դժվար է պատկերացնել։ Հենց քաղաքների և բնակավայրերի միջև գործընկերություններն են ստեղծում միմյանց ճանաչելու և հասկանալու անսահման հնարավորություններ։
Ապագային նայելով՝ ո՞ր ոլորտներում եք Դուք տեսնում Սաքսոնիա-Անհալթի և Հայաստանի միջև համագործակցության խորացման ամենամեծ ներուժը՝ կրթություն, գյուղատնտեսություն, նորարարություն կամ մշակութային փոխանակում։
Համագործակցությունն ավանդաբար իրականացվում է հատկապես մշակույթի (օրինակ՝ հնագիտություն, կերպարվեստ, թանգարաններ, երաժշտություն), կրթության (աշակերտների և ուսուցիչների փոխանակում) և գիտության (օրինակ՝ ՄԵՍՐՈՊ կենտրոն, բժշկություն) ոլորտներում։
Սակայն համագործակցության ընդլայնումը քաղաքականության այլ ուղղություններով նույնպես հնարավոր է, եթե այն համապատասխանի երկու կողմերի փոխադարձ շահերին։
Հայաստանի ներկայիս աշխարհաքաղաքական իրավիճակի ֆոնին, ի՞նչ դեր պետք է, Ձեր կարծիքով, ունենան գերմանական դաշնային երկրամասերը և Եվրոպան ընդհանրապես՝ Հայաստանի կայունության, զարգացման և միջազգային ինտեգրման աջակցման գործում։
Հայաստանը, իր աշխարհագրական և քաղաքական մոտեցմամբ դեպի Եվրոպան շատ կարևոր գործընկեր է Գերմանիայի և Եվրոպական միության համար։ Միևնույն ժամանակ պետք է նշել, որ արտաքին քաղաքականության պատասխանատվությունը Գերմանիայում դաշնային կառավարության իրավասության ներքո է։
Բովանդակային առումով կարելի է հղում կատարել 2025 թվականի դեկտեմբերին Բեռլինում Գերմանիայի և Հայաստանի միջև ստորագրված համատեղ հայտարարությանը՝
https://www.bundesregierung.de/breg-de/aktuelles/pressekonferenz-armenien-deutschland2398652
Կարևոր է, որ պահպանվեն ժողովրդավարական նախադրյալները, որպեսզի Հայաստանի քաղաքացիները կարողանան ինքնուրույն և ազատորեն որոշել իրենց ապագան։ Այս հարցում Գերմանիան և Եվրոպական միությունը միշտ կաջակցեն Հայաստանին։
Ի՞նչ կոնկրետ քայլեր եք տեսնում Սաքսոնիա-Անհալթի և Հայաստանի միջև համագործակցությունն ավելի զարգացնելու համար, և կարո՞ղ ենք արդյոք մոտ ապագայում սպասել Ձեր հերթական այցին Հայաստան։
Սկզբում կպատասխանեմ հարցի երկրորդ մասին․ ես մեծ հաճույքով կրկին շուտով կայցելեմ Հայաստան՝ Հայաստանի և Սաքսոնիա-Անհալթի միջև արդեն իսկ հաջող համագործակցությունն ավելի խորացնելու և նոր ընդհանուր հետաքրքրությունների ոլորտներ բացահայտելու նպատակով։
Օրինակ, ես կարող եմ պատկերացնել երկու երկրների բարձրագույն ուսումնական հաստատությունների և համալսարանների միջև գործընկերություններ, որոնք կներառեն գիտական ծրագրեր և ուսանողների փոխադարձ փոխանակում։ Հենց այս ոլորտում ես տեսնում եմ ապագային միտված համագործակցության մեծ ներուժ։
Վերջին անգամ Սաքսոնիա-Անհալթի պետական նախարար Ռոբրան 2025 թվականի ապրիլին այցելել է Հայաստան։ Այցի ընթացքում նա, ի թիվս այլ հարցերի, քննարկումներ է ունեցել Հուշարձանների պահպանության և հնագիտության պետական վարչության, Սաքսոնիա-Անհալթի արվեստի հիմնադրամի, Մագդեբուրգի համալսարանական կլինիկայի, ինչպես նաև դպրոցական կրթության ոլորտում համագործակցության հետագա զարգացման վերաբերյալ։
https://presse.sachsen-anhalt.de/staatskanzlei/2025/04/04/staatsminister-robra-in-armenien