Գիտելիք, մշակույթ, պատասխանատվություն․ պրոֆեսոր Արմենուհի Դրոստ Աբգարյանի հետ զրույցում
Պրոֆեսոր դոկտոր Արմենուհի Դրոստ Աբգարյանը Գերմանիայում հայագիտության ձևավորման և զարգացման կարևորագույն դեմքերից է։ Հայաստանում կրթություն ստանալուց հետո նա 1980-ականներին տեղափոխվեց Գերմանիա և Հալլե-Վիտենբերգի Մարտին Լյութերի անվան համալսարանում ստեղծեց տպավորիչ գիտական կարիերա։ Որպես ՄԵՍՐՈՊ հայագիտական կենտրոնի համահիմնադիր և երկարամյա պրոֆեսոր՝ նա մեծ նվիրումով զբաղվել է հայկական մշակույթի և պատմության ուսումնասիրությամբ ու տարածմամբ։ Հարցազրույցում նա խոսում է իր անձնական ուղու, հայ-գերմանական գիտական համագործակցության կարևորության, ինչպես նաև գիտության և համայնքի առջև ծառացած ներկա մարտահրավերների ու ապագայի հեռանկարների մասին։
Տիկին պրոֆեսոր Դրոստ Աբգարյան, Դուք Հայաստանից եկել եք Գերմանիա՝ ուսանելու և այստեղ կառուցել եք Ձեր գիտական կարիերան։ Ի՞նչը Ձեզ այն ժամանակ բերեց Գերմանիա, և ի՞նչն էր պատճառը, որ որոշեցիք այստեղ մնալ։
Ես Գերմանիա եկա ամուսնության շնորհիվ գերմանացի ֆիզիկոս դոկտոր Վոլֆ-Գերնոտ Դրոստի հետ, ում ճանաչել էի դեռևս ուսանողական տարիներին՝ 1975 թվականին, Հալլե-Վիտենբերգի Մարտին Լյութերի անվան համալսարանի և Երևանի պետական համալսարանի միջև գործող համալսարանական համագործակցության շրջանակում, որը գոյություն ուներ նաև ԳԴՀ-ի ժամանակներում։
Գերմանիա մշտական բնակության համար ժամանելուց անմիջապես հետո՝ 1985 թվականի հունիսի 15-ին (ինչի իրավունքը ստացել էի ամուսնությունից հետո՝ 1983 թվականին), ԳԴՀ Գիտությունների ակադեմիայից ստացա հրավեր՝ որպես նոր պաշտպանած գիտնական մասնակցելու սեպտեմբերին կայանալիք միջազգային գիտաժողովին՝ նվիրված անվանի բյուզանդագետ պրոֆեսոր դոկտոր Յոհաննես Իրմշերի պատվավոր թոշակի անցնելուն («Բյուզանդիան՝ բազմազգ և բազմալեզու դիտարկմամբ») և ներկայացնելու իմ հետազոտության արդյունքները հայ-բյուզանդական գրական կապերի վերաբերյալ։ Ես ընդունեցի հրավերը, և դրանով սկսվեց իմ գիտական գործունեությունը այստեղ։
Պրոֆեսոր Իրմշերը լավ ակադեմիական կապեր ուներ ինչպես Երևանի, այնպես էլ Մոսկվայի հետ և իմ գիտական ղեկավարից՝ ԽՍՀՄ Գիտությունների ակադեմիայի հայտնի բյուզանդագետ, հետագայում Վիեննայի համալսարանի սլավիստիկայի պրոֆեսոր Սերգեյ Ս. Ավերինցևից լսել էր, որ ես տեղափոխվել եմ Գերմանիա։
Բեռլինում իմ զեկույցից անմիջապես հետո Հալլե-Վիտենբերգի համալսարանի Արևելագիտության ինստիտուտի բյուզանդագիտության ամբիոնի վարիչ պրոֆեսոր դոկտոր Պետեր Նագելը (ով նաև «Ղպտական հետազոտությունների միջազգային ասոցիացիայի» նախագահն էր) ինձ հրավիրեց աշխատելու հայագիտական բաժնում։
Այսպիսով, Գերմանիա ժամանելուց ընդամենը երեք ամիս անց ես արդեն աշխատում էի Հալլեի համալսարանում, որտեղ հետդոկտորական ուսումնառությունից հետո պաշտպանեցի դոկտորական երկրորդ աստիճան (habilitation) և մինչև կենսաթոշակի անցնելը (2010–2021) զբաղեցրեցի Հայաստանի ուսումնասիրությունների առաջին արտահաստիք պրոֆեսորի պաշտոնը։
Դուք եղել եք 1998 թվականին հիմնադրված Մեսրոպ կենտրոնի համահիմնադիրն ու երկար տարիների ղեկավարն՝ Հալլե-Վիտենբերգի Մարտին Լյութերի անվան համալսարանում։ Կարո՞ղ եք պատմել, թե ինչպես է ծագել կենտրոնի գաղափարը և ինչպիսի առանձնահատուկ մարտահրավերներ եք հաղթահարել այնտեղ Ձեր երկարամյա աշխատանքի ընթացքում։ Թոշակի անցնելուց հետո շարունակո՞ւմ եք կապ պահպանել Մեսրոպ կենտրոնի հետ։
ՄԵՍՐՈՊ հայագիտական կենտրոնը ստեղծվել է 1996 թվականին Սաքսոնիա-Անհալթ երկրամասի (որը հանդես էր գալիս Գերմանիայի Դաշնային Հանրապետության կողմից) և Հայաստանի Հանրապետության միջև կնքված մշակութային համաձայնագրի շրջանակում՝ 1998 թվականի սեպտեմբերի 6-ին։ Նախապատրաստական աշխատանքներն իրականացվել էին դեռևս 1980-ականներից Հալլե-Վիտենբերգի համալսարանում գործող հայագիտական աշխատախմբի կողմից, որը գործում էր դոկտոր Յոհաննես Լեփսիուսի արխիվում՝ աստվածաբանական ֆակուլտետի կազմում՝ արևելյան եկեղեցիների մասնագետ պրոֆեսոր դոկտոր Հերման Գոլցի ղեկավարությամբ։ Նա դարձավ կենտրոնի առաջին տնօրենը, որի նպատակներից մեկը Հալլե-Վիտենբերգի համալսարանում հայագիտական առանձին ամբիոնի ստեղծումն էր՝ Գերմանիայում հայագիտությունը զարգացնելու և հայ մշակույթը գերմանական հասարակությանը ներկայացնելու համար։
Իմ հաբիլիտացիան՝ «Քրիստոնեա Արևելքի լեզուներ և մշակույթներ» մասնագիտությամբ՝ հատուկ շեշտադրելով հայագիտությունը, ապահովեց անհրաժեշտ գիտական որակավորումը և իրավական հիմքը հայագիտական պրոֆեսուրայի ստեղծման համար։ Սկզբում հիմնվեց դոնորային (DAAD ծրագրի շրջանակում) պրոֆեսուրա, իսկ հետագայում՝ արտահաստիք պրոֆեսուրա՝ Հալլե-Վիտենբերգի համալսարանի Արևելագիտության ֆակուլտետի «Քրիստոնեա Արևելք և Բյուզանդիա» սեմինարում։
Հերման Գոլցի վաղաժամ մահից հետո (2010 թ.) կենտրոնը տեղափոխվեց փիլիսոփայական ֆակուլտետ՝ իմ պրոֆեսուրային կից կառույց, և ես նշանակվեցի նրա հաջորդը՝ ՄԵՍՐՈՊ կենտրոնում։
«Գիտություն Քրիստոնեա Արևելքի մասին» արևելագիտական միջբնագավառային և մշակութաբանական «փոքր գիտաճյուղը», որի կառուցվածքային մաս է կազմում նաև հայագիտությունը Գերմանիայի համալսարաններում, աստիճանաբար փակվեց Մյունխենի, Բոննի և Տյուբինգենի համալսարաններում այդ ամբիոնի վարիչների թոշակի անցնելուց հետո։ Այդպիսով, միայն Հալլեի համալսարանում շարունակվեց այս ուղղության զարգացումը։ Սակայն մեր երկրամասում ֆինանսական դժվարությունների պատճառով այն մշտապես կանգնած էր գոյաբանական սպառնալիքի առաջ։ Ինձ համար ամենամեծ մարտահրավերն էր՝ գործընկերների աջակցությամբ պահպանել թե՛ «Գիտություն Քրիստոնեա Արևելքի մասին» ոլորտը, թե՛ իմ պրոֆեսուրան (երկուսն էլ եզակի էին Գերմանիայում) և հիմնավորել հայագիտության հատուկ կարգավիճակը գիտական քաղաքականության որոշում կայացնողների առջև։
Թոշակի անցնելուց հետո ես այլևս կապ չեմ պահպանում ՄԵՍՐՈՊ կենտրոնի հետ, քանի որ այն կորցրել է իր ինքնուրույն մասնագիտացված փորձագիտական կենտրոնի բնույթը և դարձել է սեմինարի հիմնական ամբիոնին ենթակա օժանդակ մի միավոր։ Իմ տեսլականը, որը ես առաջ էի տանում՝ որպես «Քրիստոնե Արևելք» սեմինարի ժամանակավոր ղեկավար հինգ տարի շարունակ՝ հիմնական պրոֆեսուրայի թափուր լինելու շրջանում, այն էր, որ սեմինարը պետք է ընդլայնվեր նոր պրոֆեսուրաներով։ Սակայն նոր ղեկավարությունը այդ մոտեցումը չկիսեց։
Սկզբում կենտրոնի նպատակն էր՝ միջազգային և էկումենիկ համագործակցության շրջանակում հայ մշակույթի և պատմության միջբնագավառային ուսումնասիրությունը և նրա արդյունքների տարածումը համալսարանից դուրս, հայ մշակույթի ներկայացումը լայն հանրությանը գիտաժողովների, մշակութային միջոցառումների և հրատարակությունների միջոցով, ինչպես նաև հայագիտական հետազոտությունների ցանցի ձևավորումը գերմանախոս տարածքում և ինստիտուցիոնալ աջակցությունը։ Կենտրոնը նաև զբաղվում էր փորձագիտական խորհրդատվությամբ (այդ թվում՝ քաղաքական) Եվրոպայում։
Սեմինարի ներկայիս ղեկավարության մոտեցումը՝ միաժամանակ սպասարկել Քրիստոնեա Արևելքի վեց լեզուներն ու տարածաշրջանները (Եգիպտոս, Ասորիք, Եթովպիա, արաբախոս Մերձավոր Արևելք, Վրաստան և Հայաստան), բնականաբար չի կարող ապահովել դրա կայուն զարգացումը մշտական պրոֆեսուրայի հաստիքի միջոցով։ Հենց այդ պատճառով անհրաժեշտ է առնվազն երկրորդ պրոֆեսուրայի ստեղծումը՝ հիմնական ամբիոնի ծանրաբեռնվածությունը թեթևացնելու համար։ Այնուամենայնիվ, ես չեմ կորցնում հույսս, որ գերմանական գիտական քաղաքականության մեջ կգտնվի ըմբռնում այս հարցի նկատմամբ։
Դրա հիմքում ընկած է Գերմանիայի Դաշնության և երկրամասերի Գիտական խորհրդի առաջարկությունը՝ ճանաչել հայագիտության հատուկ կարգավիճակը և ապահովել դրա կայուն զարգացումը լիարժեք պրոֆեսուրայի միջոցով։ Հնարավոր է՝ այս գաղափարը մի օր պտղաբեր հող գտնի, և ես շարունակում եմ աշխատել այդ ուղղությամբ՝ համագործակցելով այն գործընկերների և հաստատությունների հետ, որոնք կիսում են այս տեսլականը։
Դուք ղեկավարել եք բազմաթիվ միջազգային նախագծեր և հրատարակություններ։ Ի՞նչ նշանակություն ունի Ձեզ համար հայ և գերմանացի գիտնականների համագործակցությունը, և ի՞նչ հնարավորություններ եք տեսնում դրանում Հայաստանի ապագայի համար։
Հայ և գերմանացի գիտնականների համագործակցությունը մինչև Առաջին համաշխարհային պատերազմի սկիզբը շատ արդյունավետ էր։ Հայ ուսանողների մի ամբողջ սերունդ սովորում էր Գերմանիայի և Շվեյցարիայի գերմանալեզու համալսարաններում։ Նրանք գալիս էին Արևելյան և Արևմտյան Հայաստանից՝ ցարական, օսմանյան կամ պարսկական տիրապետության տակ գտնվող տարածքներից։ Գերմանացի մենթորների գիտական ղեկավարությամբ և համագործակցությամբ նրանք մասնակցում էին տարբեր գիտական ոլորտների միջազգային հետազոտություններին։
Գերմանական համալսարանների ամենահայտնի շրջանավարտներից էին Խաչատուր Աբովյանը, ով ոգեշնչեց գերմանացի ֆիզիկոս Ֆրիդրիխ Պարրոտին Արարատ լեռան ուսումնասիրման համար, ինչպես նաև Կոմիտասը, ով Բեռլինի երաժշտագետ Օսկար Ֆլեյշերի հետ ուսումնասիրեց միջնադարյան նոտագրությունը և համահիմնադրեց Միջազգային երաժշտական ընկերությունը՝ նպաստելով երաժշտագիտության զարգացմանը։
Նույնպես Ադոլֆ ֆոն Հարնակի և Ֆրիդրիխ Լոոֆսի աշակերտներ Կարապետ Տեր-Մկրտչյանը և Երվանդ Տեր-Մինասյանը կարևոր հայտնագործություններ կատարեցին հայկական ձեռագրերում և հրատարակեցին վաղքրիստոնեական կարևոր աղբյուրներ, որոնք պահպանվել էին միայն գրաբարով։ Գերմանիայում են իրենց դոկտորական աշխատանքները պաշտպանել նաև բանասերներ Գարեգին Հովսեփյանը և Մանուկ Աբեղյանը, ինչպես նաև պատմաբան Հակոբ Մանանդյանը։ Այս սերնդի ներկայացուցիչները անկախ Հայաստանի առաջին հանրապետությունում հիմնեցին բարձրագույն ուսումնական հաստատություններ՝ գերմանական կրթական համակարգի օրինակով։
Սակայն երկու երկրների գիտնականների միջև կապը խզվեց Առաջին համաշխարհային պատերազմի ժամանակ՝ Գերմանիայի և Օսմանյան կայսրության քաղաքական դաշինքի և հայերի ցեղասպանության հետևանքով։
Պետք էր վերականգնել այդ կապը։ Սա իմ հոր՝ պատմաբան և բանասեր Գևորգ Աբգարյանի առաքելությունն էր, որը նա փոխանցեց ինձ։ Նրա գիտական ղեկավարն էր Կարապետ Մելիք-Օհանջանյանը, որը ուսանել էր Բեռլինի Ֆրիդրիխ-Վիլհելմի անվան թագավորական համալսարանում հայտնի հայագետ Յոզեֆ Մարկվարտի մոտ։ Նրա միջոցով հայրս ծանոթացավ գերմանական դասական բանասիրության և հայագիտության դպրոցին և իր հետազոտություններով շարունակեց այդ ավանդույթները Հայաստանում։
Նրանք երկուսն էլ մասնակցել են Երևանի Մատենադարանի հիմնադրմանը։
Հայրս դեռ մանկուց պատմում էր, որ, բացի այն գերմանացիցներից, որոնք ռազմական խորհրդատվություն էին մատուցել ցեղասպանությունն իրականացրած երիտթուրքերին, գոյություն ուներ նաև մի գերմանացի աստվածաբան Յոհաննես Լեփսիուսը, որն առաջին փաստավավերագրական նյութեր հրապարակեց կատարված ոճրագործության մասին Եվրոպայում՝ նախաձեռնելով օգնության շարժումներ փրկվածների համար։
Երբ ես եկա Գերմանիա և հայտնաբերեցի, որ Լեփսիուսի արխիվի մեծ մասը գտնվում է Հալլեում, միացա պրոֆեսոր Հերման Գոլցի խմբին, որի նպատակն էր վերակենդանացնել հայ-գերմանական գիտական կապերը։ Նրա նախաձեռնությամբ հրապարակված արխիվային նյութերը կարևոր դեր խաղացին Գերմանիայում ցեղասպանության ճանաչման գործում, ինչի արդյունքում 2005 թվականին ընդունվեց առաջին խորհրդարանական բանաձևը, իսկ 2016-ին՝ վերջնական ճանաչումը։
2011 թվականին Պոտսդամում հիմնվեց նաև Լեփսիուսի տուն-թանգարանը, որը նաև գիտահետազոտական ինստիտուտ է։ Այսօր գերմանացի և հայ գիտնականները միասին ուսումնասիրում են ցեղասպանության պատմությունը՝ հակազդելով դրա ժխտմանը։
Բեռլինի Պետական գրադարանի հետ համագործակցությամբ 2010 թվականին Գերմանիայում հիմնադրվեց նաև պարբերաբար գործող հայագիտական համաժողովների ձևաչափը։ Այդ առաջին գիտաժողովի ընթացքում Հայաստանի Գիտությունների Ակադեմիան Բեռլինի Պետական Գրադարանին վերադարձրեց իր գրքային ֆոնդերում Երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակ հայտնված գերմանական գրքերը:
Գերմանա-հայկական համագործակցության արդյունք է նաև միջին հայերենի ստուգաբանական բառարանի հինգհատորյակը, ինչպես նաև Հայ Առաքելական եկեղեցու 1600-ամյա շարականների ժողովածուի գերմաներեն թարգմանությունը («Շարակնոց»)։ Ներկայումս ընթանում է նաև Գրիգոր Նարեկացու «Մատյան ողբերգության» գերմաներեն թարգմանության նախագիծը։
Այս օրինակները ցույց են տալիս, թե ինչպես են հայ մշակույթի թաքնված գանձերը դարձյալ իրենց արժանի տեղը գրավում համաշխարհային մշակույթի ասպարեզում և հասանելի դառնում միջազգային գիտական հանրությանը։
Հայաստանի ապագան, որը չի առանձնանում բնական ռեսուրսներով կամ ռազմական ներուժով, նրա մշակույթի մեջ է։
Դուք անգնահատելի դեր եք ունեցել Հալլեի հայկական համայնքի ձևավորման, եկեղեցու ձեռքբերման և գերմանական հաստատությունների հետ համագործակցության գործում՝ որպես համայնքի ներկայացուցիչ։ Ինչպե՞ս եք այսօր գնահատում Հալլեի հայկական համայնքի ներկայիս գործունեությունը, և տեսնո՞ւմ եք նոր զարգացումներ կամ հեռանկարներ։
Շնորհակալ եմ Ձեր բարեհաճ գնահատանքի համար։ Այո՛, ես իսկապես ականատեսն եմ եղել Գերմանիայի միավորումից հետո Արևելյան Գերմանիայում առաջին հայկական եկեղեցական համայնքի ստեղծմանը և Գերմանիայում առաջին սեփական հայկական եկեղեցու՝ Սուրբ Հարություն եկեղեցու օծմանը։ Սաքսոնիա-Անհալթի հայկական համայնքը ակտիվ անդամ է ACK-ի («Քրիստոնեական եկեղեցիների աշխատանքային համայնք») և զարգացնում է էկումենիկ համագործակցությունը մեր երկրամասի այլ քրիստոնեական եկեղեցիների հետ։
Համայնքի հիմնադիր սերունդը սեփական ուժերով վերականգնել և վերակառուցել է նախկին կաթոլիկ Սուրբ Մարիամ եկեղեցին՝ հարակից հոգևորականի տան հետ միասին, և մինչ այսօր պահպանում ու գործարկում է այն։
2015 թվականին համայնքը կանգնեցրեց խաչքար՝ ի հիշատակ ցեղասպանության զոհերի և գերմանացի այն անձանց, ովքեր օգնել էին փրկվածներին։
Տարբեր կրթական նախաձեռնությունների միջոցով (կիրակնօրյա դպրոց՝ լեզվի, պարի, կերամիկայի և արվեստի դասերով) փորձ է արվում պահպանել համայնքի անդամների հայկական ինքնությունը։ 2000 թվականից սկսած Հալլեի «Corax» ազատ ռադիոյով պարբերաբար հեռարձակվում էր «Ռադիո Երևան» հաղորդումը, որը, ցավոք, այժմ դադարեցված է՝ նվիրված ուսանողների հեռանալու պատճառով։
Համագործակցելով համալսարանի հայագիտական ամբիոնի և նրա ուսանողների, Հալլե քաղաքի մշակույթի և ինտեգրման բաժինների, Լայպցիգի մշակութային համայնքի, ինչպես նաև Հալլե–Գյումրի քաղաքների բարեկամության միության հետ՝ համայնքը աջակցում է բազմաթիվ միջոցառումների՝ նվիրված հայկական մշակույթին և կրոնին։ Այն կանոնավոր կերպով մասնակցում է «Հալլեի միջմշակութային շաբաթ» և «Եկեղեցիների երկար գիշեր» միջոցառումներին՝ ընդունելով բոլոր հետաքրքրված քաղաքացիներին և կազմակերպություններին, որոնք ցանկանում են ծանոթանալ հայկական եկեղեցուն և մշակույթին։
Եկեղեցական մեծ տոների ժամանակ եկեղեցին լի է լինում, քանի որ Գերմանիայի նոր երկրամասերից բազմաթիվ հայկական ընտանիքներ գալիս են՝ պահպանելու իրենց կապը սեփական մշակույթի և եկեղեցու հետ։
Այնուամենայնիվ, անհրաժեշտ է ավելի ակտիվորեն ներգրավել Գերմանիայում ձևավորված հայ երիտասարդ սերնդին, որը լավ տիրապետում է գերմաներենին և ավելի լավ է հասկանում տեղական հասարակական ու պաշտոնական համակարգերը, քան իրենց ծնողները։ Նրանց պետք է վստահել նաև համայնքի ղեկավար մարմիններում պատասխանատու դիրքեր, որպեսզի հնարավոր լինի ավելի արդյունավետ օգտագործել պետական ծրագրերն ու ռեսուրսները։
Գերմանիայում հայկական համայնքների համար քահանաների պակասը (5 հոգևորական՝ 16 համայնքների համար) և նրանց հաճախակի փոփոխությունը Հալլեում ևս խոչընդոտում են համայնքային կյանքի ակտիվացմանը։
Հալլեում նոր քահանայի՝ Տեր Հակոբ Հակոբյանի նշանակումը, ով սկսել է նպատակային աշխատանք երիտասարդների հետ, նոր հույս է ներշնչում, որ համայնքային կյանքը կդառնա ավելի աշխույժ։
Ի՞նչ զարգացումներ կամ նախագծեր Հայաստանում կամ հայ-գերմանական համագործակցության շրջանակում կցանկանայիք առաջիկա տարիներին հատկապես խթանել՝ երիտասարդներին, մշակույթն ու գիտությունը զորացնելու համար։
Ողջունելի է, որ Գերմանիան որդեգրել է հայկական Թումո կենտրոնների մոդելը՝ որպես տեխնոլոգիաների և ստեղծարարության անվճար արտադպրոցական թվային կրթական կենտրոններ։ Դրանք արդեն գործում են Բեռլինում (2020-ից), Մանհայմում (2024), Հիրշայդում (Բավարիա), Լյուդենշայդում (Հյուսիսային Ռեյն-Վեստֆալիա), Էսսենում և Սաարբրյուկենում (2026-ի դրությամբ նախատեսվում են նաև կենտրոններ Քյոլնում, Դյուսելդորֆում և Հալլեում)։ Ցանկալի կլիներ, որ այդ կենտրոններում ստեղծվեն հատուկ ծրագրեր կամ նախագծային միավորներ՝ հայկական ծագում ունեցող աշակերտների համար։
Քյոլնի հայկական թեմում ստեղծվել են կրթական և մշակութային հանձնաժողովներ, որոնց նպատակն է մշակել ուղեցույցներ և ձեռնարկներ համայնքային աշխատանքի և կիրակնօրյա դպրոցների համար, ինչպես նաև փորձել ներմուծել հայոց լեզվի, մշակույթի և կրոնի ուսուցումը գերմանական դպրոցներում՝ հրեական, ուղղափառ և արևելաքրիստոնեական համայնքների օրինակով։
Մեկ այլ կարևոր նախաձեռնություն կարող է լինել Յոհաննես Լեփսիուսի տեսլականի իրականացումը, որի մահվան 100-ամյակը նշվում է այս տարի։ Նրա գաղափարն էր Պոտսդամի Պֆինգստբերգ բլրի վրա՝ հայտնի Ցեցիլիենհոֆի հարևանությամբ, մեկ հարկի տակ միավորել երկու կառույց՝ Գերմանա-հայկական ակադեմիան և Գերմանա-հայկական ընկերությունը՝ երկկողմանի ղեկավարությամբ։ Այդ հաստատությունների համատեղ գործունեությունը, Լեփսիուսի տան՝ 2011-ից գործող գիտահետազոտական և հանդիպումների կենտրոնում, կարող է դառնալ երիտասարդների զարգացման կարևոր հարթակ։
Հալլեում ստեղծվում է «Ապագայի կենտրոն» դաշնային հաստատությունը, որը կզբաղվի հետսոցիալիստական փոխակերպումների ուսումնասիրությամբ Գերմանիայում և Արևելյան Եվրոպայում։ Այստեղ ևս հայկական փորձը և թեմատիկան կարող են օգտակար լինել ինչպես նախագծի, այնպես էլ երիտասարդ գիտնականների և մշակութային գործիչների համար։
Հայագետների նոր սերնդի պատրաստման համար չափազանց կարևոր է Գերմանիայի որևէ համալսարանում Հայագիտական ամբիոնի շարունակականությունն ու ակադեմիական ամրապնդումը։ Հալլեում արդեն հիմնադրվել է հայագիտության զարգացմանն աջակցող միություն, որը դեռևս զարգացման մեծ հնարավորություններ ունի։
Գերմանա-հայկական համագործակցության ապագայի համար կարևոր կարող է լինել նաև Եվրոպայում մշակութային կենտրոնների ստեղծումը՝ «Գյոթե», «Սերվանտես» կամ «Կոնֆուցիոս» կենտրոնների օրինակով։ Հալլեի համալսարանի ՄԵՍՐՈՊ կենտրոնը նման նախաձեռնության փորձնական նախագիծ էր, որը արժե շարունակել։
Մեծ ներուժ կա նաև արդեն գոյություն ունեցող համագործակցություններում՝ գերմանացի և հայ գրողների միջև (թարգմանչական աշխատարաններ և համատեղ հրատարակություններ), կոմպոզիտորների և երաժիշտների միջև (համատեղ գիտաժողովներ և համերգներ՝ Կոմիտասի կոնսերվատորիայի և Կոմիտասի թանգարան-ինստիտուտի հետ), հնագետների, թանգարանագետների և հուշարձանների պահպանության ոլորտում, գրադարանների և ձեռագրերի վերականգնման կենտրոնների միջև, ինչպես նաև Գերմանիայի Մաքս Պլանկի և Լայբնիցի ինստիտուտների ու Հայաստանի գիտական հաստատությունների և Մատենադարանի միջև համագործակցության շրջանակում։ Նշանակալի են նաև համալսարանների և քաղաքների միջև կապերը՝ Հալլե–Գյումրի, Լայպցիգ–Երևան, Նաումբուրգ–Արմավիր։